Ուսուցչի լաբորատորիա, Ուսուցչի օրագիր

Մանկավարժական վրանային ճամբար Արտավանում

Օգոստոսի 18-ից 20-ը մի շարք կրթահամալիրյան դասավանդողների եւ սովորողների համար տպավորվեցին որպես հրաշալի ճամբարային օրեր։

Առաջին օրը համատեղեցինք հաճելին օգտակարի հետ. ծանոթացանք տեղանքին, ունեցանք հայրենագիտական ճամփորդություն՝ բարձրացանք դեպի Մարաթուս, հին բնակատեղի, Փառակատար։

Կեսօրին մեզ միացավ կրթահամալիրի մենթոր տիար Աշոտ Բլեյանը, արտավանցիներից մեկը մեզ հյուրընկալեց իր թոնրատանը, որտեղ իրականացրեցինք լավաշթխիկի եւ գաթաթխիկի ծես։

Երեկոյան թեյի սեղանի շուրջ ունեցանք կլոր սեղան-քննարկում Արտավանի փոքրաքանակ դպրոցի մանկավարժական կազմի հետ, համտեսեցինք մեր թխած լավաշն ու գաթան։ Քննարկեցինք վերջերս «Դպիր» մանկավարժական հանդեսում հրապարակված գյուղական փոքրաքանակ դպրոցների մասին արտասահմանյան փորձի թարգմանչական հոդվածները, զուգահեռներ անցկացրեցինք, լսեցինք տեղի ուսուցիչներոն։

Երկրորդ օրը, ուշադրություն չդարձնելով եղանակի խափուսիկ ամպամածությանը, տեղանքի հրաշալիքներից մեկը տեսնելու ակնկալիքով, տիար Բլեյանի հետ, բարձրացանք եւս մեկ բարձունք։ Մեզ մեծ ոգեւորությամբ ուղեկցում էր տեղի դպրոցի 7-րդ դասարանի սովորող Արտյոմը, ով ողջ ճանապարհին հավեսով պատասխանում էր տիար Բլեյանի հարցադրումներին։ Լուսանկարելով Վայոց ձորերի գեղեցիկ բնապատկերները՝ վերջում հասանք գեղեցկուհուն՝ Հայելի լճին։ Իսկապես տեսարանը ամենատպավորիչն էր։ Քայլեցինք լճի շուրջբոլորը, ուսումնասիրեցինք բուսական աշխարհը, ջրի մեջ ՝ եղեգնուտին մոտ նկատեցինք ջրաշուշաններ։ Իսկ լճի շրջակայքում շատ էին աստղածաղիկները, թփերից՝ սեւ մասուրը, որը ինձ համար բացահայտում էր։ Ինչպես հետո խառույկի շուրջ պատմեց տեղի վրանային ճամբարի հիմնադիր Գառնիկը, սեւ մասուրը շատ ավելի օգտակար է։

Կեսօրին ճամբարում հյուրընկալեցինք Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանին, Վայք քաղաքի համայնքապետին, Վայք քաղաքի դպրոցի տնօրենին ու փոխտնօրենին եւ մի շարք վարչական աշխատակիցների։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ մարզպետը ծանոթացավ Արտավան գյուղի բարձունքում տեղակայված վրանային ճամբարին։ Տեսակապով կապ հաստատեցին Վաղաշենում , Արատեսում գտնվող ճամբարականների հետ։

Այցի շրջանակում հյուրերը մասնակցեցին կլոր սեղան-քննարկման, որը վարում էր Աշոտ Բլեյանը: Քննարկմանը մասնակցեցին նաեւ գյուղի դպրոցի տնօրենն ու մանկավարժները, սեբաստացի ուսուցիչները։

Կլոր սեղանի նպատակն էր ծանոթանալ Արտավան գյուղի միջնակարգ դպրոցի աշխատակազմին, դպրոցի հիմնախնդիրներին, նորարարական եւ համագործակցական ծրագրերին։

Հանդիպման մանրամասները տեսանյութում՝

Մարզպետ Արարատ Գրիգորյանը այցելել է նաեւ Արտավանի դպրոց և տեղում ծանոթացել խնդիրներին։

Մանկավարժական վրանային ճամբար Արտավանում: 1 комментарий

Оставьте комментарий