Ընթերցարան

6 տարեկանների ընթերցարան. բանաստեղծություններ, հեքիաթներ, շուտասելուկներ

Հ. Թումանյան

ԿՌՈՒՆԿՆԵՐ
Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։

ԱՐՏՈՒՏԻԿ
Արտուտիկ,
Նախշուն տոտիկ,
Իջնեն կալեր
Գողտիկ-մողտիկ,
Ընտրեն քարեր,
Ուտեն կուտիկ,
Կըծըլվըլան
Կըլթիկ-կըլթիկ:

ՓԻՍՈՆ
Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախավ Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին՝ ո՛չ։
Փիսոն գնաց գողեգող,
Փորը դատարկ, սիրտը դող,
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին։

ՇՈՒՆԸ
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես,
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ.
Ու տունն այսպես
Պահում եմ ես։
Թե գա մեզ մոտ
Մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում,
Պոչըս շարժում։
Բայց թե մի գող,
Չար կամեցող
Ուզի թաքուն
Մտնի մեր տուն,―
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես.
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ու տունն այպես
Պահում եմ ես։

ՔԱՄԻՆ

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամինէ, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փչում է,
Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։
Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։
Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։

ԱՄՊՆ ՈՒ ՍԱՐԸ
Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։

— Լսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.
Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սիպտակ
Վերմակի տակ։

ԼՈՒՍԱԲԱՑԻՆ

— Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
— Ճի՛կ-ճի՛կ, ճի՛կ-ճի՛կ,
Զարթնեց մթնում ծիտը ծառին։

Ծուղրուղո՜ւ.
Խոսեց ծեգին երկրորդ բերան.
— Հո-հո՜, հո-հո՜,
Նախիրն արդեն հանդը տարան։

— Ծուղրուղո՜ւ.
Լույսը բացվեց երրորդ կանչին.
— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
Նստեց նանը տեղի միջին։

ԱՇՈՒՆ

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տըխուր հանդերից

Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

ԾԻՏԸ
Հուռին գնաց բանջարի,
Բանջար չեղավ՝ խոտ եղավ,
Խոտի տակին ծիտ եղավ,
Ծըլվըլալեն դուրս թռավ։
Ծիտը թռավ գերանին,
Կանաչ խոտը բերանին։

ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆԸ

-Վա՜յ մայրի՜կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքան սպիտակ
Թիթեռ է գալի…
Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ:
-Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ:
Էտ ձյուն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի:

ԵՂևՆԻՆ

Գունատ աշուն է, էլ չկա թռչուն,
Քամու թևերին տերևն է թռչում:
Միայն եղևնին, այնտեղ խոր հովտում
Կանաչ է հագել, աշնան դեմ ժպտում:

ՁՄԵՌ

Ծառը մերկացավ,
Զրկվեց տերևից,
Ձյունի փաթիլներ
Իջան վերևից:

Ձյուն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց,
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց:

Ձյունը ծնկահար
Նստեց մեր ճամփին,
Սպիտակ հյուսերը
Կիտեց գետափին:

ՄԻ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՄԵՆՔԻՆ
(հատված)

Դաշտ ու անտառ, գյուղի ճամփան
Ծածկվել են մի թիզ ձյունով,
Էլ չի ճարվում ուտելու բան,
Ո՞վ էր տեսել էս տեսակ սով։
Ոչ մի ցորեն, ոչ մի հատիկ…
Խնդրում ենք ձեզ, բարի՛ մարդիկ,
Աստծու սիրուն, մի կտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։

Մի խումբ ծիտիկների կողմից՝
Ծիտիկ Ճնճղուկյան

ԱՐԻ՛, ԱՐԻ՛, ՁՄԵՌ ՊԱՊԻ

Արի՛, արի՛,
Ձմեռ Պապի,
Սպիտակ հագի,
Սպիտակ կապի:
Դաշտ ու անտառ,
Գետ ու գետակ,
Այս ամենը
Առ թևիդ տակ:

Սարում, ձորում
Սուլի՛ր, երգի՛ր,
Հեքիաթ ասա
Հետաքրքիր:
Գցիր կամուրջ,
Փռիր կարպետ,
Ա՛յ, անուրագ,
Անձեռ վարպետ:

ԳԱՐՈՒՆ

Ձմեռն անցավ…
Եկավ գարուն…
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն:
Արև ծագեց
Արևելքից,
Ծիլեր քաշեց
Գետնի տակից:

ՄԱՐՏ

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.
Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,
Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

ԾԱՂԻԿՆԵՐԸ

― Ո՞ւր գնացին ծաղիկները…
― Սո՜ւս. քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ։

Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կըտանի։

«Ելե՛ք, կասի, իմ մանուկնե՛ր»,

Ու հենց նրանք իմանան,
Դուրս կըհանեն գլխիկները,
Աչիկները կըբանան։
1908


ՓԻՍԻԿԻ ԳԱՆԳԱՏԸ

Փիսիկը նստել
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
Ու լաց է լինում։

Մոտիկ է գալիս
Մի ուրիշ կատու.
— Ինչո՞ւ ես լալիս,
Ա՛յ փիսիկ ջան, դու…
— Հապա ի՞նչ անեմ,

Որ լաց չըլինեմ.—
Գանգատ է անում
Փիսոն տըխրադեմ։
Էն Համոն թաքուն
Մածունը կերավ,

Գընաց տատի մոտ
Ինձ վրրա դըրավ։
Հիմի տատիկի
Ետևից ընկած,
Ինձ են ման գալի

Մի-մի փետ առած
Էն քոթոթ Սուրենն,
Անոն ու Մոսոն։
Ո՞ւր է, ասում են,
Ո՞ւր է գող Փիսոն,

Ա՜խ, թե մի գըտա՜նք,
Մածուն ցույց կըտա՜նք.
Էսպես բան սարքեց
Էն Համոն իմ դեմ.
Ի՞նչ անեմ հապա,

Որ լաց չըլինեմ…
Ու Փիսոն նըստել
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
Ու լաց է լինում։

ԾԻՏԻԿԻ ՕՐՈՐՔԸ

Կախված է ճյուղքից ճոճը ծիտիկի.
Փըչի՛, հովիկ, փըչի՛,
Ճոճն օրորվի, տանի բերի
Նանի՜, ծիտիկ, նանի՜։

Ծիտիկը անուշ երազ է տեսնում.
Փըչի՛, հովիկ, փըչի՛,
Ճոճն օրորվի, տանի բերի.
Նանի՜, ծիտիկ, նանի՜։
Բայց տես, ծիտիկը քընից չըզարթնի.

«Պոչատ աղվեսը»

Լինում է, չի լինում՝ մի պառավ․ էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի։

Մի աղվես գալիս է, գլուխը կոխում կաթնի ամանը, ուտում։

Պառավը վրա Է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում։

Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում ու էսպես խնդրում․

— Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Պառավն ասում է․

— Դե գնա իմ կաթը բե՛ր։ 

Աղվեսը գնում է կովի մոտ։

— Կովիկ, կովիկ, կա՛թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ Էիր։

Կովն ասում է․

— Դե գնա ինձ համար խո՛տ բեր։ 

Աղվեսը գնում է արտի մոտ։

— Արտիկ, արտիկ, խո՛տ տուր ինձ, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

— Դե գնա ինձ համար ջուր բեր։ [ 212 ]Աղվեսը գնում է աղբյուրի մոտ։

-Աղբյուր, աղբյուր, ջո՛ւր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Աղբյուրն ասում է․

— Դե գնա կուժ բեր։ 

Աղվեսը գնում է աղջկա մոտ։

— Աղջիկ, աղջիկ, կո՛ւժդ տուր, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

— Դե գնա ուլո՛ւնք բեր ինձ համար։ 

Աղվեսր գնում է չարչու մոտ։

— Չարչի, չարչի, ուլո՛ւնք տուր, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա․ կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Չարչին ասում է․

-Դե գնա ինձ համար ձո՛ւ բեր։ 

Աղվեսը գնում է հավի մոտ։

— Հավիկ-հավիկ, ձու-ձու տուր, ձու-ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա․ ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա․ կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Հավն ասում է․ [ 213 ] — Դե գնա ինձ համար կո՚ւտ բեր։ 

Աղվեսը գնում է կալվորի մոտ։

— Կալվոր, կալվոր, կո՛ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ, հավը ինձ ձու տա․ ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա․ ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա․ կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա․ կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Կալվորի մեղքը գալիս է, մի բուռն կուտ է տալի։ Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալի․ ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալի․ ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալի․ կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալի․ ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալի․ խոտը տանում է կովին, կովը կաթ է տալի․ կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն․ կցում է, կցմցում, վազում է գնում, իր ընկերներին հասնում։

ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ

Կամա՛ց փըչի, կամա՛ց,
Ճոճն էլ զգույշ տանի բերի,
Նանի՜, ծիտիկ, նանի՜։

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։

Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։

Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը՝ մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։

Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։

Կնիկը բարկանում է․

— Ա՛յ, որ ասում, եմ հիմար ես, չես հավատում․ էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել․ հորդ քելեխն ես տալի՞ս, թե՞ տղիղ հարսանիքն ես անում։

— Ի՜նչ քելեխ, ի՜նչ հարսանիք, ա՛յ կնիկ, ի՜նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի, համար է։

Կնիկը հանգստանում է, տանում է պահում։

Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի։ Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում, է՝ մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում։ Զեռը դնում է ճակատին ու ձեն տալի․

— Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի։ 

Տղեն կանգնում է։

— Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։

Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։

— Հա՛, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։

— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չե՞նք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞ր․․․ չես ամաչո՞ւմ․․․ Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում․․․ [ 219 ] — Դե էլ ինչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տանն էի ման գալիս, չէ՛ի գտնում։

— Դե արի տար։

Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը։ 

Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է․

— Հա՛, էն բարեկենդանն եկավ, իր բաները իրեն սևցրի, տարավ։

— Ի՞նչ բարեկենդան․․․ ի՞նչ բաներ․․․

— Ա՛յ էն եղն ու բրինձը․․․․ Մին էլ տեսնեմ՝ վերևից գալիս է․ մեր տանն էր ման գալի․ կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակ<ը> տվի, տարավ։

— Վա՛յ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ՝ հիմար ես, հիմար ես, էլի․․․ Ո՞ր կողմը գնաց։

— Ա՛յ էն կողմը։

Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից։ Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է։ Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի։

Գալիս է, հասնում իրեն։

— Բարի օր, ախպերացու։

— Աստծու բարին։

— Հո էս ճամփովը մարդ չի անց կացավ։

— Անց կացավ։

— Ի՞նչ ուներ շալակին։

— Եղ ու բրինձ։

— Հա՛, հենց էդ եմ ասում։ Ի՞նչքան ժամանակ կլինի։

— Բավականին ժամանակ կլինի։ 

— Որ ձին քշեմ, կհասնե՞մ։

— Ո՞րտեղից կհասնես, դու՝ ձիով, նա՝ ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։

— Բա ի՞նչպես անեմ։

— Ի՞նչպես պետք է անես, ուզում ես՝ ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։ [ 220 ]- Հա՜, էդ լավ ես ասում։

Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում Է թե չէ՝ բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։

Էս մարդը ոտով գնում է, գնում է, տեսնում է՝ չհասավ, ետ է դառնում։ Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա։ Գալիս է տուն։ Նորից սկսում են կռվել, մարդը՝ եղ ու բրինձի համար, կնիկը՝ ձիու։

Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ։ Սա նրան է ասում՝ հիմար, նա՝ սրան, իսկ բարեկենդանը լսում է ու ծիծաղում։

Կիկոսի մահը

Մի աղքատ մարդ ու կնիկ են լինում, ունենում են երեք աղջիկ։

Մի օր հերը աշխատելիս է լինում, ծարավում է, մեծ աղջկանը ջուրն է ղրկում։ Էս աղջիկը կուժն առնում է գնում աղբյուրը։ Աղբրի գլխին մի բարձր ծառ է լինում։ Էս ծառը որ տեսնում է՝ իրեն—իրեն միտք է անում․

— Հիմի որ ես մարդի գնամ ու մի որդի ունենամ, անունն էլ դնենք Կիկոս։ Կիկոսը գա էս ծառին բարձրանա ու վեր ընկնի, քարովը դիպչի մեռնի․․․

— Վա՜յ, Կիկոս ջան, վա՜յ․․․

Տեղնուտեղը ծառի տակին նստում է, սկսում է սուգ անել։

Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս․
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին․․․
Վա՜յ, Կիկոս ջան,
Վա՜յ, որդի ջան․․․


Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկավ, միջնեկ աղջկանն է ղրկում։ Ասում է․

— Գնա՛ մի տես, քույրդ ընչի ուշացավ։

Միջնեկ աղջիկն է գնում։

Մեծ քույրը սրան որ հեռվից տեսնում է՝ ձենն ավելի է բարձրացնում։  — Արի՛, արի՛, անբախտ մորքուր, տես քո Կիկոսն ինչ եղավ։

— Ի՞նչ Կիկոս։

— Բա չես ասիլ․

Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս․
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին․․․
Վա՜յ, Կիկոս ջան,
Վա՜յ, որդի ջան․․․


— Վա՜յ, Կիկոս ջան, վա՜յ,— գոռում է միջնեկ քույրը, նստում է մեծ քրոջ կողքին ու սկսում են միասին սուգ անել։

Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկան, պստիկ աղջկանն է ղրկում։ Ասում է․

— Աղջի, մի գնա տես քույրերդ ինչ եղան։ Գնացին ետ չեկան։

Հիմի պստիկ աղջիկն է գնում։ Գնում է տեսնում երկու քույրն էլ աղբրի գլխին նստած լաց են լինում։

— Քա՛, ընչի՞ եք լաց ըլում։

Մեծ քույրը թե՝ բա չես ասիլ․

Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս․
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին․․․
Վա՜յ, Կիկոս ջան,
Վա՜յ, որդի ջան․․․


— Վա՜յ քու մորքուրին, Կիկոս ջան, վա՜յ,— սա էլ է գլխին տալիս ու մյուսների կողքին նստում, ձեն ձենի տալիս։  Մերն սպասում է, սպասում, տեսնում է՝ աղջիկները չեկան, ինքն է գնում։

Հեռվից իրենց մորը տեսնում են թե չէ՝ երեք աղջիկն էլ կանչում են․

—Արի՛, արի՛, անբախտ տատի, տե՛ս թոռանդ գլուխն ինչ է եղել։

— Ի՞նչ թոռ, ա՛յ աղջկերք, ի՞նչ է պատահել։

Մեծ աղջիկը թե՝ բա չես ասիլ, ա՛յ մեր․

Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս․
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին․․․
Վա՜յ, Կիկոս ջան,
Վա՜յ, որդի ջան․․․


— Վա՜յ, քոռանան քու տատի աչքերը, Կիկոս ջան,— մերն էլ ծնկանը զարկում է, նստում է աղջիկների կողքին, սկսում է նրանց հետ սուգ անել։

Մարդը տեսնում է կնիկն էլ գնաց աղջիկների ետևից, ու սա էլ չեկավ։ Ասում է՝ մի գնամ տեսնեմ՝ էս ինչ պատահեց, որ սրանք իրար ետևից գնացին մնացին աղբրումը։

Վեր է կենում գնում։

Կնիկն ու աղջկերքը հենց սրա գլուխը հեռվից տեսնում են թե չէ, ձեն են տալի․

— Արի՛, արի՛, անբախտ պապի, արի տես՝ քու Կիկոսի գլուխն ի՞նչ է եկել․․․ վա՛յ քու Կիկոսին․․․

— Ի՞նչ Կիկոս, ի՞նչ եք ասում։

Մեծ աղջիկը թե՝ բա չես ասիլ, ա՛յ հեր․

Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս․
Վեր ելավ ծառին,
 Ցած ընկավ քարին․․․
Վա՜յ, Կիկոս ջան,
Վա՜յ, որդի ջան․․․


— Վա՜յ, Կիկոս ջա՜ն,— ծնկներին տալիս են ու սուգ են անում մեր ու աղջկերք։

Սրանց միջի խելոքը հերն է լինում։ Ասում է․

— Ա՛յ հիմարներ, ի՞նչ եք նստել էստեղ ու սուգ եք անում։ Ինչքան էլ սուգ անեք, ինչքան էլ լաց ըլեք, հո Կիկոսն էլ կենդանանալու չի։ Վեր կացեք, եկեք գնանք մեր տունը, մարդ կանչենք, ժամ ու պատարագ անենք, Կիկոսի քելեխը տանք, լացով ի՞նչ պետք է անենք։ Աշխարհքի կարգ է, ինչպես եկել է, էնպես էլ պետք է գնա։

Դու մի՛ ասիլ՝ սրանց ունեցած—չունեցած չորսոտնանին մի եզն է լինում, ունեցած փոշին էլ՝ մի քթոց ալյուր։

Գալիս են էս եզը մորթում, էս մի քթոց ալյուրն էլ հաց թխում, ժողովուրդ են կանչում, ժամ ու պատարագ են անում, Կիկոսի քելեխն ուտեցնում, որ նոր հանգստանում են։

Ջ.Ռոդարի

Ա՜Յ, ՔԵԶ ՇԱԲԱԹ

Արթնացա երկուշաբթի,
Հորանջեցի երեքշաբթի,
Չորեքշաբթի անուշ-անուշ ձգվեցի,
Հինգշաբթի կրկին  քնեցի:
Քնեցի ուրբաթ, շաբաթ,
Ու գործի չգնացի:
_ Կորչի գործը,-ասացի:
Լավ էր՝ արդեն կիրակի
Ամբողջ օրը քնեցի:

ԲՈՒԹ ՄԱՏՆ ԱՍԱՑ

Բութ մատն ասաց.
– Գայլը ելավ,
Ցուցամատը`
– Ո՞րտեղից եկավ,
Միջնամատը`
– Սարից եկավ,
Մատնեմատը`
– Եկեք փախչենք,
Ճկույթիկը`
– Պստլիկ եմ, ճստլիկ եմ, ոտիկ չունեմ, թևիկ չունեմ, ինչպե՞ս փախչեմ:

Ղ.Աղայան

ԿԱՏՈւ

Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
– Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:

ԱՌԱՎՈՏԸ ԳՅՈՒՂՈՒՄ

Արեգակը դուրս է եկել
Պսպղալով.
Շողքը երդից ներս է ընկել
Շողշողալով.
Ծիտը ծառին կչկչում է
Ծլվլալով.
Ձորում առուն քչքչում է
Վշվշալով.
Ծույլ տղայի քունն է տարել
Խռըմփալով.
Տրեխները շունն է տարել
Մըռմըռալով:

ՄԱՆՈւՇԱԿ

Ասա ինձ, մանուշակ,
Ինչու՞ ես այդպես վաղ
Դուրս եկել մեն-մենակ.
Դեռևս չի բացվել
Ոչ մի տեղ քեզ նման
Հոտավետ մի ծաղիկ:

_ Ես չունիմ մյուսների
Գեղեցիկ հասակը,
Ոչ նրանց հագուստը՝
Զարդարուն ու շքեղ,
Դուք ինձ չեք նկատիլ,
Եթե ես երևամ
Նրանց հետ միատեղ:

Ա.Խնկոյան

Մեղուն

Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կծծես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:

ԾԻԱԾԱՆ

Մթին ամպերից
Եկավ հորդ անձրև,
Պարզեց երկինքը,
Ծագեց ջինջ արև:
Կանաչ ու կարմիր
Կապեց ծիածան,
Ջրի կաթիլներն
Ալ — գոհար դարձան:
Քամին հանդարտեց.
Էլ չկա փոշի.
Հողը տաքացավ,
Ծխեց գոլորշի:

ԳԻՇԵՐ

Իջնում է գիշեր
Սարերի ուսին,
Փայլում է վերից
Կաթնագույն լուսին:

Վերից նայում է
Երկինքը ուրախ,
Քնած է գյուղը
Անհոգ ու խաղաղ:

ԼՈՒՍԻՆ

Լուսին, լուսին,
Լուսերես,
Ինչքան, ինչքան
Կլոր ես:
Լույս ես տալիս
Գիշերով,
Քո վառվռուն
Թշերով:

ՔԱՄԻՆ ՈՒ ՄԺԵՂԸ

Արևն անցավ,
Քամին վեր կացավ:
Մժեղը տեսավ,
Որ քամին իրեն պտտեց,
Ինքն էլ մի կերպ
Խոտը բռնեց, խտտեց:
_Մժեղ, խոտն ինչո՞ւ ես խտտել:
_ Քամի, էն քեզանից եմ ազատել,
Որ չհանես սարեսար,
Որ չգցես քարեքար.
Բա գյուղացին մեղքը չի՞,
Հնձած խոտը զուր կորչի:

Խնկո Ապեր / Աթաբեկ Խնկոյան

Պապն ու շաղգամը

Դռան առաջ մի անգամ

Պապը ցանեց մի շաղգամ:

Շաղգամն աճեց,

Մեծացավ.

Պապը քաշեց, քաշքշեց,

Շաղգամն հողից

Չհանեց:

Պապը կանչեց

Տատիկին.
Տատը` պապից,

Պապը` շաղգամից.

Հա՛ քաշեցին,

Քաշքշեցին,

Շաղգամը հողից

Չհանեցին:

Տատը կանչեց

Թոռնիկին,

Թոռը` տատից

,Տատը` պապից,

Պապը` շաղգամից.

Հա՛ քաշեցին,

Քաշքշեցին,

Շաղգամը հողից

Չհանեցին:

Թոռը կանչեց շնիկին.

Շունը` թոռից,

Թոռը` տատից,

Տատը` պապից,

Պապը` շաղգամից.

Հա՛ քաշեցին, քաշքշեցին,

Շաղգամը հողից

Չհանեցին:

Շունը կանչեց

Փիսոյին.

Փիսոն` շնից,

Շունը` թոռից,

Թոռը` տատից,

Տատը` պապից,

Պապը` շաղգամից.

Հա՛ քաշեցին,

Քաշքշեցին, Շաղգամը հողից չհանեցին:

Փիսոն կանչեց

Մկնիկին.

Մուկը` փիսոյից,

Փիսոն` շնից,

Շունը` թոռից,

Թոռը` տատից,

Տատը` պապից,

Պապը` շաղգամից.

Որ քաշեցին, քաշքշեցին,

Շաղգամը հողից

Հանեցին:

Հեքիաթներ, Հ. Թումանյան

  1. Ճամփորդները
  2. Ծիտը
  3. Պոչատ աղվեսը
  4. Երկինքը փուլ է գալիս
  5. Էս էն է

Ջ. Ռոդարի

«Կոնֆետի անձրեւ»

Մի անգամ քաղաքում կոնֆետի անձրև էր գալիս։ Կոնֆետները կարկտի նման էին, բայց սպիտակ չէին, այլ գունավոր՝ կարմիր, կապույտ, կանաչ։ Մի տղա կերավ կանաչ կոնֆետն ու տեսավ, որ խնձորի է։ Մի ուրիշ տղա էլ կարմիրը փորձեց, ու պարզվեց, որ դա էլ ելակի է։

-Վա՜յ, իսկական կոնֆետներ են, ինչ լա՜վն են, — ուրախացան երեխաներն ու արագ-արագ լցրին գրպանները։ Ինչքան էլ նրանք հավաքում էին, մեկ է՝ կոնֆետները չէին վերջանում, անձրևի պես թափվում էին։ Կոնֆետները շատ անուշ հոտ ունեին ու ոտքի տակ սառույցի պես խրթխրթում էին։ Դպրոցից տուն գնացող երեխաներն էլ հասցրին պայուսակները լցնել։ Տատիկներն էլ կոնֆետով զամբյուղներ էին տանում։ Իսկական տոն էր։
Քաղաքում մարդիկ սպասում էին, որ երկնքից էլի կոնֆետներ կթափվեն, բայց կոնֆետի ամպը ոչ մի անգամ չի երևացել։

Ղ․ Աղայանի և Ջ․ Ռեդարիի ստեղծագործությունները նաև այստեղ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s